Մասնակցութեան հրաւէր – ՀՈՒՄԸ-ի ընդհանուր գիտաժողով
Հաճութեամբ տեղեկացնում ենք, որ ՀՈՒՄԸ-ի 16-րդ ընդհանուր գիտաժողովը կը կայանա Ժնեւի եւ Լօզանի համալսարաններում, 2025թ. Յունուարի 9-11-ը։ Ժնեւի համալսարանում ընթացող վերանորոգման աշխատանքների հետ կապուած տեխնիկական պատճառներով, ցաւօք, հնարաւոր չեղաւ գիտաժողովը կազմակերպել 2024թ. սեպտեմբերին, ինչպէս յայտարարուած էր ՀՈՒՄԸ-ի Տեղեկագրի (Newsletter) վերջին համարում։
Յայտերն ընդունւում են հայագիտութեան բոլոր բնագաւառներին վերաբերող թեմաներով։ Ելոյթներից իւրաքանչիւրի համար նախատեսուած է 20 րոպէ, որին կը յաջորդի 10 րոպէ բանավէճ։ Ըստ ստացուած ելոյթների քանակի եւ բովանդակութեան՝ կը լինեն լիագումար եւ զուգահեռ-թեմատիկ նիստեր։ Լիագումար նիստի ընթացքում կը զեկուցեն միայն հրաւիրեալ մասնակիցները։ ՀՈՒՄԸ-ի գիտաժողովների աւանդական լեզուներն են՝ անգլերէնը, գերմաներէնը, իտալերէնը, հայերէնը, ռուսերէնը եւ ֆրանսերէնը։
Ցանկանում ենք յիշեցնել, որ գիտաժողովին կարող են մասնակցել միայն ՀՈՒՄԸ-ի կանոնաւոր անդամները (ըստ առնուազն 2024–2025թթ. անդամավճարների)։ Գիտաժողովին մասնակցել ցանկացողները սիրով հրաւիրւում են յայտը ներկայացնել մինչեւ 2024թ. Օգոստոս 10-ը՝ առցանց լրացնելով գրանցաթերթիկը։
Որպէս հիմնական զեկուցողներ իրենց մասնակցութիւնն արդէն հաստատել են Փրոֆ. Յոստ Գիպերտը (Համբուրգի համալսարան), Դր. Վահե Թորոսեանը (Մատենադարանի գիտական հարցերով փոխտնօրեն) և Դր. Սյուզան Մերյեմ Կալայջի (Օքսֆորդի համալսարան)։
Ամենայն հաճութեամբ տեղեկացնում ենք նաեւ, որ 2024թ. Ժնեւի համալսարանը տօնում է Հայագիտական ուսումնասիրութիւնների կենտրոնի հիմնադրման Յիսնամեակը։ Հոբելեանին նուիրուած տարբեր միջոցառումների շարքում Գիտաժողովի շրջանակներում կը կազմակերպուի կլոր սեղան՝ քննարկելու համար հայագիտութեան առջեւ ծառացած մարտահրաւերները, մասնաւորապէս՝ եւրոպական գիտական շրջանակներում։